Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի. Գարեգին Բ

«Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղացական արշավ». Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր այսպես բնորոշեց վերջին շաբաթների իրադարձությունները, պնդելով, թե այդ արշավը լրջագույն սպառնալիք է ոչ միայն ազգային միաբանությանը, այլև ուղիղ հարված հայոց պետականությանը:

«Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին: Այդ ճանապարհը ցավալիորեն կործանարար բաժանումներ է բերել մեր ազգային կյանքում: Այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում: Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությանը պառակտելու ցավալի գործողությունները»,-հայտարարեց Գարեգին Բ-ն։

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ պատարագից հետո դիմելով հավաքվածներին՝ Հայրապետը դատապարտեց նաև Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, պնդելով, թե «եկեղեցանվեր» գործարարը անօրինական հետապնդման է ենթարկվում:

«Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի»,-հայտարարեց Վեհափառը, ընդգծելով՝ «Սուրբ Էջմիածինը հետևողականորեն շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու իրավունքները»։

Կուսակրոնության ուխտը խախտելու՝ իշխանությունների մեղադրանքներին կաթողիկոսը չանդրադարձավ։

Պատարագին զուգահեռ մի խումբ քաղաքացիներ,այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորներ, ի աջակցություն եկեղեցու և Սամվել Կարապետյանի Զվարթնոցի տաճարի մերձակայքից երթով շարժվեցին դեպի Մայր տաճար։