«Խաղաղության խաչմերուկը» բացվեց, Ադրբեջանն ասելու է՝ «Զանգեզուրի միջանցքը» բացվեց». Փաշինյան

Ստամբուլում հայ համայնքի հետ հանդիպմանը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ պետք է պատրաստ լինել, որ երբ «Խաղաղության խաչմերուկը» բացվի, Ադրբեջանն ասելու է՝ «Զանգեզուրի միջանցքը» բացվեց:

«Խաղաղության խաչմերուկը» չի կարող չկատարվի, եթե մենք ճանապարհային նշանները կարողանանք կարդալ... բացառված է , որ դա տեղի չունենա, բացառված է», - ասել է Հայաստանի վարչապետը՝ հավելելով. - «Էդ էլ է պետք խոստովանել, որ «Խաղաղության խաչմերուկը» բացվեց, Ադրբեջանն էլ ասելու է՝ տեսեք, «Զանգեզուրի միջանցքը» բացվեց: Սրան էլ պետք է պատրաստ լինենք: Բայց մեր ինքնիշխանության [ներքո], իրենցն էլ՝ իրենց ... և պարզեցումներ պետք է լինեն, և էդ պարզեցումները, որպեսզի կայուն, երկարատև լինեն, պիտի փոխադարձաբար լինեն, այսինքն շահագրռվածություն պետք է ունենանք և կունենանք: Ընդորում, Իրանի իրադարձություններն այս ասածս ավելի էական և կարևոր են դարձնում»:

Վարչապետը, սակայն, այդպես էլ չհստակեցրեց, թե այդ ինչ պարզեցված անցում են պատրաստ տրամադրել Ադրբեջանին և արդյոք Բաքուն համաձայն է փոխադարձության սկզբունքին:

Նա Թուրքիայի հայերի հետ զրույցում վստահեցրեց, թե «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, իսկ «Խաղաղության խաչմերուկը» իրականություն է դառնալու: Դրա համար, ըստ Փաշինյանի պատկերավոր ձևակերպման, պետք է երթևեկության կանոններին ենթարկվել:

Թեման բարձրացրեց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ով նշեց՝ որքան էլ Հայաստանը մերժի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» «չարագործության դաշինքը» համառորեն պնդում է այդ միջանցքի մասին, և չի թաքցնում , որ այն իրենց «սրբազան երազանքի՝ Թուրանի ճանապարհն է»:

«Այս պահին հայերս ունենք չարիքի դաշինք մեր դիմաց, որքա՞ն կարելի է գազանին սիրաշահել քաղցր խոսքերով, երբ նրանք սպառնալիքի լեզվով են խոսում » -հարցրեց պոլսահայ խմբագիրը:

«Էդ որ մենք ուրիշներին նայելով ասում ենք՝ «գազան, գազան, գազան», բայց մենք հըլը մեզ պետք է նայենք: Մենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա և իրեն անընդհատ վրաերթի են ենթարկում, վեր է կենում, էլի ավտոյի տակ է ընկնում ու չի հասկանում, ինչի է անընդհատ ավոտոյի տակ ընկնում, որովհետև ինքը չգիտի երթևեկության կանոնները, ինքը չգիտի, որ ինքը էդտեղ չի կարող գտնվել, որովհետև էդտեղ գտնվելը 95 և ավելի տոկոս հավանականություն է ստեղծում, որ ինքը մեքենայի տակ կընկնի, ոչ թե դիմացի մեքենան գազան է, այլ ինքը ընկնելու է ավտոյի տակ», - պատասխանեց Փաշինյանը:

«Ուզում են Հայաստանի տարածքով գնան-գան, թող գնան - գան»

Արձագանքելով «Զանգեզուրի միջանցքով» Թուրանի ճանապարհը բացելու մասին պոլսահայ խմբագրի դիտարկմանը՝ Փաշինյնաը նշեց. - «Հայության էս բանը... վա՜յ, նրանց նպատակը Թուրանն է: Ուզո՞ւմ են Հայաստանի տարածքով գնան - գան, թող գնան-գան, վա՞տ է դա, մենք ենք առաջարկում էս նախագծով: Մենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»: Ի՞նչ է դա նշանակում... փոխադարաձ հարգանքի, իրավազորության, ինքնիշխանության ճանաչման հիման վրա»:

Վարչապետը հանդիպմանը նաև ասաց, թե անցած տարի Նյու Յորքում Թուրքիայի ղեկավարի հետ ընդհանուր գծերով խոսել է իր կառավարության առաջարկած տարածաշրջանային ապաշրջափակման «Խաղաղության խաչմերուկ ծրագրի մասին, բայց ավելի մանրամասն քննարկելու հնարավորություն կունենա հանդիպման ընթացքում:

«Հիմա Թուրքիայի համար շատ կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը»: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր առանձնահատկություներից մեկն այն է, որ այն լիարժեքորեն ներգրավվում է Թուրքիայի կողմից պաշտպանվող և առաջ մղվող «Միջին միջանցքի» նախագծում: Եվ գոնե ինձ համար ակնհայտ է, որ «Խաղաղության խաչամերուկը» կարող է լինել «Միջին միջանցքի» նախագծի մաս: Եվ ես այսօր հենց այդ թեմայով վստահաբար կխոսեմ նախագահ Էրդողանի հետ»- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Եթե հայկական կողմի հաղորդագրությունում նշվում է, որ Փաշինյան - Էրդողան հանդիպմանը մտքեր են փոխանակվել «Խաղաղության խաչմերուկի» շուրջ, ապա պաշտոնական Անկարայի հաղորդագրությունում այդ մասին հիշատակում չկա:

«Զանգեզուրի միջանցք» պահանջող Ադրբեջանը նախկինում մերժել է «Խաղաղության խաչմերուկը», այն համարել ուշացած, նախագահ Ալիևը բավականին կոշտ էր արտահայտվել՝ ասելով, թե այդ նախագիծը «գրոշի արժեք չունի, ինչի մասին տարբեր խողովակներով հայկական կողմին բազմիցս հասկացնել են տվել»։