Հայաստանը պետք է սթափ գնահատի իր անվտանգության ապահովման հնարավորությունները, այդ թվում՝ կոլեկտիվ ձևաչափով, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
Նա հաստատել է, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամավճարի չվճարման հարցը կարող է քննարկման դրվել 2025 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ ձևաչափով կամ ուղղությամբ կընթանա այդ քննարկումը։
«Բոլորը հասկանում են, որ Հայաստանը, որն, ինչպես իրենք են ասում՝ սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, չի մասնակցում որոշումների ընդունմանը, սակայն նաև չի խոչընդոտում դրանց, բայց միևնույն ժամանակ, հավանաբար, պետք է սթափ գնահատի իր անվտանգության ապահովման հնարավորությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ կոլեկտիվ ձևաչափում», -նշել է փոխարտգործնախարարը՝ հավելելով, որ որոշումն ամեն դեպքում հայկական իշխանություններինն է:
Ավելի վաղ փոխնախարարը նշել էր, որ եթե Հայաստանը մինչ 2025 թվականի ավարտը չվճարի անդամավճարը, ՀԱՊԿ անդամ երկրները կարող են դիտարկել իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ։
Հայաստանը ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։ Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։