Ընդդիմությունը իր թիմակիցներին բերման ենթարկելն ու ձերբակալելը «քաղաքական հետապնդում» է որակում, ՆԳՆ-ն՝ բացատրական աշխատանք:
Երեկ Հայաստանի տարբեր մարզերից բերման ենթարկված անձինք արդենք ազատ են արձակվել, «Ազատությանը» հայտնեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Ձերբակալությունների ալիքը, ըստ Դանիելյանի, հիմնականում ուղղված էր «Սրբազան պայքար» շարժման աջակիցների և Հայ հեղափոխական դաշնակցության անդամների դեմ:
«Կարող ենք ֆիքսել, որ կոնկրետ թիրախում մենք ենք եղել, ինչը խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը էս դիմադրության ուժը փորձում է ջարդի, կոտրի, վախեցնի և նաև այն մարդկանց, որոնք որ տարվել են բաժիններ, իրենց զգուշացվել է, որ հանկարծ չփորձեք անհնազանդության ակցիաներ իրականացնել: Էդ մարդկանց որոշակի ժամանակ պահելուց հետո, քանի որ որևէ հակաօրինական քայլի ապացույց կամ որևէ մի բան չեն ունեցել, ազատ են արձակել», - ասաց դաշնակցական պատգամավորը:
Դանիելյանն իրավապահների գործողությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցով է պայմանավորում: Արդյոք որևէ բան պլանավորվո՞ւմ էին իրականացնել. պատգամավորն ասաց, թե իրենք այսօր էլ վերահաստատում են, որ իշխանության վարած քաղաքականության արմատական ընդդիմախոսներն են, ցանկացած անհրաժեշտ պահի պատրաստ են փողոց դուրս գալ, բայց պայքարը լինելու է բացառապես օրենքի և սահմանադրական լիազորությունների շրջանակում։
«Ռեպրեսիոն մեխանիզմը գործում է իրենց կողմից, մենք էլ ասում ենք, որ մենք հաշտ չենք էդ ամեն ինչի հետ, մենք դիմակայելու ենք էդ ամեն ինչին», - ընդգծեց պատգամավորը:
Ոստիկանությունն այսօր որևէ նոր բան չավելացրեց երեկ տարածած հաղոդագրությանը: Մանրամասներ չհայտնեցին՝ ի՞նչ ահազանգ էր, ի՞նչ էին փնտրում ընդդիմադիրների շարքերում:
Երեկ ոստիկանություն կանչվածների կամ ձերբակալվածների գործով զբաղվող փաստաբան Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ ՆԳՆ-ն հայտարարություն տարածեց իրենց բարձրացրած աղմուկից հետո, ըստ Մելիքյանի, խոսքը 100-ի հասնող քաղաքացիների մասին է:
«Երեկ ինչպիսի հետաքրքիր իրավիճակ տեղի ունեցավ... նախ եղել են դեպքեր, որ զենք- զինամթերքի կասկած են ձևակերպել, որպես արդեն պաշտոնապես ձերբակալություն, և մի քանի ժամ հետո բաց են թողել, եղել են դեպքեր, որ մարդկանց այցելել են, բացատրական զրույց են վարել», - ասաց փաստաբանը:
Լինելո՞ւ էր որևէ ակցիա, Մելիքյանը չգիտի, բայց նրա համար հստակ է, որ իշխանությունը փորձ է արել սահմանփակել մարդկանց դժգոհություն հայտնելու իրավունքը: Իսկ պատգամավոր Գառնիկ Դաբիելյան հայտարարեց, թե իշխանությունը «կանխարգելիչ աշխատանքների» անվան տակ մինչ այս էլ մարդկանց մեքենաները տեղափոխել է հատուկ պահպանվող տարածք՝ առանց փաստաթղթի ու առանց արձանագրության։ Ներքին գործերի նախարարությունից հրաժարվեցին որևէ տեղեկություն տրամադրել երեկվա գործողության մասին: