Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի գլխավորած դիվանագիտական ջանքերն ավարտվեցին ընդամենը «լուրջ մտահոգություն» արտահայտող հայտարարությամբ և նոր հանդիպման պատրաստակամությամբ։
Երեք երկրների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը Ժնևում մի քանի ժամ տևած բանակցություններ են վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմմին բանակցություններից հետո ասել է, որ հակված են շարունակել քննարկումներ և բանակցությունները Իրանի հետ:
Թեև բանակցություններն ավարտվել են առանց առաջընթացի, ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ նախարարները տեսակետ են հայտնել, որ «բոլոր կողմերը պետք է զերծ մնան գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության նոր աճի, և հրատապորեն գտնեն բանակցային լուծում՝ երաշխավորելու համար, որ Իրանը երբեք չունենա կամ ձեռք չբերի միջուկային զենք»։
Նախարարները վերահաստատել են իրենց երկարամյա մտահոգությունը Իրանի միջուկային ծրագրի ընդլայնման վերաբերյալ, որը, ըստ նրանց, «չունի հավատալի քաղաքացիական նպատակ»։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ քննարկվել են բանակցային լուծման ուղիները՝ շեշտադրելով հարցի հրատապ բնույթը։
Իրանը մշտապես պնդում է, որ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ՝ քաղաքացիական նպատակների համար է: